FACULTY | ԴԱՍԸՆԹԱՑԱՎԱՐՆԵՐ
Ավետիք Իշխանյան
Ավետիքը նորանկախ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների առաջամարտիկներից և մեր ժամանակների ականավոր իրավապաշտպաններից է։ 1995 թ֊ին՝ հիմնելով Հայաստանում Հելսինկյան Կոմիտեն (ՀՀԿ), իր գործունեությունն է ուղղել փախստականների, կրոնական կազմակերպությունների և հավատացյալների, քաղաքական հալածանքների ենթարկվողների, զինվորական ծառայության մեջ գտնվողների և երեխաների իրավունքների պաշտպանությանը: 1998-ին Հելսինկյան կոմիտեի նախաձեռնությամբ առաջին անգամ հրապարակային քննության է ենթարկվել հայկական բանակում խաղաղ պայմաններում սպանությունների թեման:
Զարուհի Մեժլումյան
Զարուհին ունի արդեն 20-ամյա լրագրողական փորձ, որից 4֊ը հետաքննական լրագրության ոլորտում է։ Իրավաբանության մագիստրոս է և Փաստաբանական դպրոցի հայցորդ։
Ժուռնալիստիկան համարում է հասարակական կյանքում անհրաժեշտ դրական փոփոխությունների նպաստող միջոց: Ուստի նրա հետևողական լուսաբանումների արդյունքում հնարավոր են դարձել հետևյալ փոփոխությունները․
֊ ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծում սահմանվել է նոր դրույթ, ըստ որի քրեական գործերով իրեղեն ապացույցները այսուհետ չեն ոչնչացվելու: Դրանց պահպանումը հնարավորություն կտա գենետիկական փորձաքննությունների շնորհիվ առավել ճշգրիտ նույնականացնել հանցանք կատարած անձին, իսկ անմեղին վերադարձնել հասարակություն:
֊ Նրա բացահայտումները ու հետևողական՝ հաճախ տարիների լուսաբանումները, նպաստել են, որ ազատություն վերադառնա անօրեն պատիժ կրող 4 քաղաքացի, նրանցից մեկը՝ բանտարկությունից 20 տարի անց:
Hetq.am ինտերնետային թերթում հեղինակում է «Խեղված ճակատագրեր» հոդվածաշարը: Դատարանների արխիվում ուսումնասիրել է ավարտված 17 քրեական գործ, որոնցից երեք գործով ի հայտ են բերվել նոր հանգամանքներ, նոր բացահայտումներ: Դրանք հիմք են հանդիսացել, որպեսզի դիմումներ ներկայացվեն դատական վերանայման համար:
Ստացել է տարբեր մրցանակներ պետական, միջազգային ու լրագրողական կազմակերպությունների կողմից:
Արտակ Զեյնալյան
1996թ. ավարտել է Երեւանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը՝ վիրաբույժ, առողջապահության կազմակերպիչ: 2002թ.՝ ՀՀ կառավարման ակադեմիան՝ պետական ծառայող, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մասնագետ: 2006թ.՝ «Գլաձոր» կառավարման համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝իրավաբան:
1986-98թթ. եղել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի սանիտար, բուժեղբայր, բժիշկ: 1998-2001թթ.՝ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ:
2010թ. եղել է ՀՀ փաստաբանների պալատի գիտավերլուծական կենտրոնի սահմանադրական արդարադատության հարցերի հանձնաժողովի նախագահ: 2010թ. դասավանդում է ՀՀ փաստաբանական դպրոցում եւ փաստաբանների պալատում:
2011թ.՝ «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան հկ հիմնադիր նախագահ: 2015-2017թթ.՝ «Արդարություն» խմբի անդամ: 2016թ.՝ «Ադրբեջանի Հանրապետության կողմից ռազմական միջամտության հետեւանքով Արցախի եւ Հայաստանի քաղաքացիների իրավունքների պաշտպանություն» ծրագրի համակարգող:
«Նիկոլ-Դուման» երկրապահ կամավորական ջոկատի կազմում մասնակցել է Արցախյան ազատամարտին: 1993թ. «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության հիմնադիր անդամ է: 2001թ. «Հանրապետություն» կուսակցության հիմնադիր անդամ է:
2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ելք» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:
Պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով (1996թ., ԼՂՀ): Արժանացել է ՀՀ փաստաբանների պալատի պատվավոր անդամի կոչման (2009թ.), «Համընդհանուր իրավունքների մրցանակ»-ին (2014թ., ԵԱՀԿ), «Տարվա իրավապաշտպան» տիտղոսին (2016թ., ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն): «Զրպարտություն եւ վիրավորանք» լրագրողների եւ փաստաբանների համար ձեռնարկի համահեղինակ է:
Զարուհի Հովհաննիսյան
January 01, 2020
Մասնագիտությամբ լրագրող և երաժիշտ Զարուհի Հովհաննիսյանը,սկսել է լրագրողական գործունեությունը Ար հեռուստաընկերությունից, ապա շարունակել «Շանթ» հեռուստաընկերությունում և «Երկիր մեդիա» հեռուստատեսությունում, որպես լուրերի հաղորդավար և լրագրող։
Սկսած 2007 թվականից, երբ լրագրությունը դարձավ նեղ տարածք, և խոսքի ազատությունը սահմանափակվեց Հայաստանում սկսվեց նրա ակտիվիստական գործունեության շրջանը։ Մասնակցել է մի քանի քաղաքացիական նախաձեռնությունների և շարժումների, այդ թվում «Բանակն իրականում», «Մաշտոցի պուրակ»․ «100 դրամ» և այլն։
Վերջին տարիներին առավել մասնագիտերոն զբաղված է իրավապաշտպան գործունեությամբ, հատկապես կանանց իրավունքների և քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց իրավունքների պաշտպանությամբ։ Աշխատում է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայում և է ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ է։
Քաղաքացիական դիրքորոշման և իրավապաշտպանական գործունեության համար ստացել է մրցանակներ «Ամալյա Կոստանյանի անվան մրցանակ», «Կովկասի երիտասարդ կանայք հանուն խաղաղության»։
Արա Ղազարյան
Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի փորձագետ է:
Նա Կոնվենցիայի կիրառության բազմաթիվ հարցերի վերաբերյալ տասնյակ փորձագիտական եզրակացությունների հեղինակ է: Դասավանդում է ՄԻԵԿ իրավունք դատավորների և դատախազների համար ՀՀ Արդարադատության ակադեմիայում, նաև դասընթացներ է վարում լրագրողների, փաստաբանների և իրավապաշտպանների համար:
Հեղինակ է մի շարք ուսումնասիրությունների, ձեռնարկների և ուսումնական ծրագրերի, որոնք նախատեսված են իրավակիրառողների և լրագրողների համար: Հանդիսանում է լրատվամիջոցների վեճերի լուծման երկու այլընտրանքային մարմինների` Տեղեկատվական վեճերի և Լրատվամիջոցների շահերի պաշտպանության խորհուրդների անդամ:
Բազմաթիվ դատական գործեր է շահել ՀՀ Սահմանադրական դատարանում և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:
Մարիետա Թեմուրյան
Մարիետան «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության մարդու իրավունքների մշտադիտարկման մասնագետն է։ Կազմակերպությունը առանձնահատուկ ուշադրություն է դարձնում սոցիալ-հոգեբանական հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը։ Այս նպատակով ի թիվս այլ գործողությունների պարբերաբար իրականացվում են մարդու իրավունքների մշտադիտարկումներ սոցիալ-հոգեբանական հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի և բուժման հաստատություններում, որի կազմակերպչական և համակարգման աշխատանքները իրականացվում են Մարիետա Թեմուրյանի կողմից, նա նաև հանդես է գալիս որպես մշտադիտարկող։ Մ. Թեմուրյանը հանդիսացել է "Հայաստանի Հանրապետությունում հոգեկան առողջության պահպանման և բարելավման 2014-2019 թվականների ռազմավարությունը" մշակող աշխատանքային խմբի անդամ։ Ներկայում նաև Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիայի շահառուների հզորացման խմբի համակարգողն է։ Նա մասնագիտությամբ մանկավարժ է, ավարտել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտը։
Արթուր Սաքունց
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահն է և իրավապաշտպանության մեջ ներգրավված է 1992 թվականից։ կազմակերպությունը տրամադրում է իրավաբանական անվճար խորհրդատվություն և աջակցություն, մշտադիտարկում է փակ և կիսափակ հաստատությունները և օրենսդրական առաջարկություններ է ներկայացնում՝ մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների արդյունավետության նպատակով։ Արթուր Սաքունցը կարևորում է պետական կառույցների նկատմամբ քաղաքացիական վերահսկողությունը և մարդու արժժանապատվության, իրավունքների ու ազատությունների նկատմամբ անվերապահ հարգանքը։ 2012թ․ ԱՄՆ դեսպանության, «Քաունթերփարթ ինթերնեյշնլ» կազմակերպության, Մեծ Բրիտանիայի դեսպանության, ԵԱՀԿ և ԵՄ գրասենյակների կողմից կազմակերպված համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխության շրջանակներում, նա արժանացել է «Ազատության պաշտպան» մրցանակին։
Սերոբ Խաչատրյան
January 01, 2020
Սերոբ Խաչատրյանը ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դասախոս է։ Ղեկավարում է ՄԱԿ-ի մարդկային զարգացման ազգային զեկույցի աշխատանքային խումբը։ Հայաստանի մանուկներ հիմնադրամի ծրագրերի շրջանակներում վարում է Մտածողության հմտությունների զարգացման խմբակներ Արմավիրի մարզի գյուղական դպրոցներում։
«Կրթության փիլիսոփայություն» և «Կամուրջներ պատերի փոխարեն» գրքերի հեղինակ է։ Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ է։
Նոնա Գալստյան
Սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում՝ քաղաքացիական իրավունք” մասնագիտացմամբ,այժմ հանդիսանում է Հայ- ռուսական /սլավոնական/ համալսարան, իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտուրայի հայցորդ։
2008թ-ից մինչ օրս հանդիսանում եմ ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան, իսկ 2012 թ֊ից «Կանանց աջակցման կենտրոնի» ԲՀԿ փաստաբան։
ՀՀ քրեական օրենսգրքի «սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունները» գլխում լրամշակում և փոփոխություններ կատարելու մասին նախագծի շրջանակում և «Ընտանեկան բռնության մասին ՀՀ օրենքի» նախագծի մշակման շրջանակում աշխատանքային խմբի անդամ է։
Մասնակցել է ներպետական և միջազգային վերապատրաստումների մարդու իրավուքների պաշտպանության, բարոյական վնասի հատուցման և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի իրականացման ծրագրերի շրջանակում: Ընտանեկան բռնության գործով առաջին հայցն է ներկայացրել ՄԻԵԴ։
Դավիթ Խաչատուրյան
January 01, 2020
Դավիթ Խաչատուրյանն իրավաբանական գիտությունների թեկնածուի կոչումը ստացել է 2000թ․Երևանի պետական համալսարանից, որտեղ ներկայումս մագիստրոսի աստիճանի ուսանողներին դասավանդում է Մարդու իրավուքների եվրոպական կոնվենցիան և փաստաբանական հմտություններ։ Մոտ ութ տարի Դավիթն աշխատել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը, ԱՄՆ Արդարադատության վարչությունում որպես իրավական հարցերի մասնագետ (2006-2013թթ․), ՄԱԶԾ Հարավային Կովկասի թմրամիջոցների հակազդման ծրագրում որպես ազգային իրավական փորձագետ (2003-2006թթ․), աշխատել է ՀՀ Վճռաբեկ դատարանում որպես իրավական հարցերով ավագ խոհրդատու (2002-2005թթ․), իսկ մեկ տարի (2014թ․) ՀՀ Արդարադատության ակադեմիայում որպես պրոռեկտոր։ Ներկայումս նա ներգրավված է Եվրոպայի խորհրդի և Եվրամիության բազմաթիվ ծրագրերում որպես օրենքի գերակայության, դատական համակարգի և մարդու իրավունքների գծով փորձագետ՝ հիմնականում իր ջանքերը կենտրոնացնելով ՀՀ մարդու իրավունքների նորմերն ու օրենքները մարդու իրավունքների պաշտպանության միջազգային ստանդարտներին համահունչ դարձնելուն։ Նա մի քանի իրավական մենագրությունների և երեք տասնյակից ավել հոդվածների հեղինակ է, ինչպես նաև հեղինակ է հանդիսանում Հայաստանում դատական համակարգի և իրավական բարեփոխումների մարտահրավերների վերաբերյալ ուղենիշերի, որոնք հաճախ անդրադառնում են հատկապես դատական համակարգի անկախության, քրեական օրենսդրության, ինֆորմացիայի ազատության և մարդու իրավունքների հարցերին՝ Եվրոպական կոնվենցիայի և այլ գործիքների շրջանակներում։
Լուսինե Ղազարյան
Լուսինեն փաստաբան է՝ մասնագիտացված մարդու իրավունքների, մասնավորապես խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության հիմնահարցերով: 2011 թվականին ավարտել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի իրավագիտության ֆակուլտետը և ստացել իրավագիտության մագիստրոսի կոչում: 2013-2015թթ. սովորել և ավարտել է Բուլղարիայի «Կանանց մարդու իրավունքների պաշտպանության միջազգային ինստիտուտը»: Բազմիցս վերապատրաստվել է խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության առանձնահատկությունների, խտրականության բացառման և արդարադատության մատչելիության հարցերով: Մարդու իրավունքների պաշտպանության հիմնահարցերի վերաբերյալ վերլուծությունների, ազգային և միջազգային զեկույցների հեղինակ է:
2012 թվականից ներգրավված է ՓԻՆՔ Արմենիա ՀԿ-ում որպես իրավաբան և զբաղվում ԼԳԲՏ անձանց, ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելի խմբերի և պալիատիվ բուժօգնության կարիք ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով:
2012 թվականից հանդիսանում է ՀՀ Առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի էթիկայի հանձնաժողովի փոխնախագահ:
Վահան Բուրնազյան
Վահան Բուրգազյանը ուսանել է իրավագիտություն ԱՄՆ Սան Դիեգոյի Համալսարանում: Մոտ 10 տարի աշխատել է Կալիֆոռնիայում որպես արտոնագրված փաստաբան։ Այս ընթացքում նա մասնակցել է նաեւ մարդու իրավունքների տարբեր փաստահավաք առաքելությունների: 2004-ին հայրենադարձել է Հայաստան՝ միանալով Հայաստանում ամերիկյան համալսարանի իրավունքի դեպարտամենտին՝ որպես ակադեմիական հարցերով պատասխանատու և փոխդեկան: 2011 թվականից նա ուսուցանում է ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում եւ տարբեր ձեւաչափերով համագործակցում է քաղաքացիական հասարակության դերակատարների հետ:
Ռոբերտ Ռևազյան
2007 թվականից աշխատում է Հայաստանի Հելսինկյան կոմիտեում, 2008 թվականից հանդիսանում է փաստաբանների պալատի անդամ։
2010 թվականից ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ է, իսկ 2013-2014 թվականներին հանդիսացել է նշված դիտորդական խմբի նախագահը: Ունի մարդու իրավունքներին առնչվող դասընթացներ անցկացնելու մեծ փորձ: Բազմաթիվ գործերով ներկայացրել է խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի ենթարկված անձանց շահերը ինչպես ներպետական ատյաններում, այնպես էլ Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանում: